Հյուսիսային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին՝  Բորիս Մակիչյանի և Ռայա Ջանինյանի նախաձեռնությամբ:  Բուհն ի  սկզբանե  որդեգրել է նախկին խորհրդային հանրապետություններից ներգաղթած հայազգի երիտասարդների բարձրագույն կրթությունը հայրենիքում կազմակերպելու առաքելություն:  Կրթվելով օտար միջավայրում՝ այդ երիտասարդները  պատրաստ չէին ՀՀ պետական բուհերում հայոց լեզվից ընդունելության քննություններ հանձնելու  սահմանված կարգի համաձայն և հայտնվել էին անորոշ դրության մեջ: Նորաստեղծ Հյուսիսային համալսարանում մեկ տարի հայոց լեզվի անվճար դասընթաց անցնելուց հետո նրանք հաջողությամբ  ուսումը շարունակեցին համալսարանի տարբեր ֆակուլտետներում:  Իսկ 2000 թվականին հաջողությամբ մասնակցեցին Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված պետ. հավատարմագրման փորձնական գործընթացին, որից հետո Հյուսիսային համալսարանը դարձավ հանրապետության միակ բուհը, որի հենց առաջին տարվա շրջանավարտները ստացան պետական նմուշի դիպլոմներ: 

2001թ.  ՀՀ ԳԿՆ-ի կողմից Հյուսիսային համալսարանին շնորհվել է առաջին՝ N013 հավատարմագիրը:

2015թ-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից համալսարանին  շնորհվել է ինտիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի պայմանական ժամկետով:

2018թ.-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից վերահավատարմագրվել է 4 տարի ժամկետով:

2022 թ.-ին ՈԱԱԿ-ի  կողմից բուհն  ստացել է  ևս մեկ հավատարմագիր՝ 4 տարի ժամկետով:

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար: Հյուսիսային համալսարանն իր սովորողներին՝ ուսանողներ, ասպիրանտներ, տրամադրում է բացառապես պետական նմուշի դիպլոմ:

Անցած 28 տարիները բուհի համար եղել են զարգացման և հարապետության մասնավոր բուհերի շարքում իր առաջատարի դիրքն ամրապնդելու և կրթական համակարգում կարևոր դերակատարում ունենալու  տարիներ:  Հյուսիսային համալսարանը հաջողություններ է արձանագրել մեկ տասնյակ ոլորտներում:  

Հանրապետության գիտակրթական ոլորտում Հյուսիսային համալսարանը թումանյանագիտության առաջատարն է:  Առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես մեծն Թումանյանի հոբելյանական միջոցառումների շարքը:

«Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնի հիմնադրում,  հազարավոր դպրոցականների մասնակցությամբ «Իմ Թումանյանը» շարադրության մրցույթ, թումանյանական թեմաներով անվճար համերգների կազմակերպում տարբեր մշակութային օջախներում, «Թումանյանը և 21-րդ դարը» գիտաժողովի կազմակերպում և համապատասխան ժողովածուի հրատարակություն, թումանյանական  թեմաներով միջբուհական մրցույթների կազմակերպում, «Հյուսիսային համալսարան» պարբերականի հրատարակություն թումանյանական թեմաներով, Հյուսիսային համալսարանի 20 հոգուց բաղկացած պատվիրակության ժամանում Թբիլիսի տեղի հայկական համայնքի հետ հանդիպման, ուսանողական և դասախոսական տարբեր պատվիրակությունների այցելություն Թումանյանի ծննդավայր` Դսեղ գյուղը, և Ալավերդի քաղաք՝ Թումանյանի տարածաշրջանի բնակչության հետ հանդիպման, Թումանյանի՝ տարբեր երկրներում բնակվող շուրջ 15 հարազատների ընդունելություն Հյուսիսային համալսարանում և այլն: Նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվել նաև 2013-ին Թումանյանի մահվան 90-ամյակի և 2014-ին Թումանյանի ծննդյան 145-ամյակի առթիվ: Սկսած 2000-ից՝  ամեն տարի Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, և մահվան օրը` մարտի 23-ին, համալսարանում կազմակերպվում են շքեղ հանդիսություններ և պսակադրություններ մեծն Թումանյանի հուշարձանին: 2013 թվականին համալսարանում հրատարակվել է «Թումանյանը և արդիականությունը», իսկ 2014-ին՝ «Թումանյան-145» գիտաժողովների ժողովածուները: 2014-ին համալսարանում ստեղծվել է «Թումանյան-145» հուշամեդալը, որով պարգևատրվել են հանրապետության 2 տասնյակ անվանի գործիչներ, ովքեր սերտորեն կապված են եղել թումանյանական աշխարհին և ակտիվորեն մասնակցել են թումանյանագիտության զարգացմանը: Համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը նույնպես գումարել է տարբեր գիտաժողովներ թումանյանական թեմաներով:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հյուսիսային համալսարանում նշվել է  հատուկ ծրագրով՝  «Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների 100 օրը Հյուսիսային համալսարանում»  վերտառությամբ միջոցառումների շարքով:

Հայաստանյան բուհական անցյալի լավագույն ավանդույթների հիշատակման, մեր երկիրը աշխարհին որպես կրթության ու մշակույթի հնագույն կենտրոն ներկայացնելու նպատակով համալսարանում լուրջ աշխատանքներ են տարվել  Սանահինի համալսարանի 1050-ամյակը 2016-ին միջազգային մակարդակով տոնելու ուղղությամբ: Այդ նախաձեռնության հավուր պատշաճի կազմակերպման համար կազմակերպվել է համաժողով՝ «Սանահինի համալսարանի 1050-ամյակի արժևորումը Հյուսիսային համալսարանի ռազմավարական ծրագրերի գերակայություններից է» խորագրով: 

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի համաձայնությամբ  բուհը ձեռնամուխ է եղել Սանահինի համալսարանի 1050-ամյակի տոնակատարությունը միջազգային մասշտաբով նշելու գործընթացին:

Հյուսիսային համալսարանը կյանք է ճանապարհել  ավելի քան տասը հազար շրջանավարտի, ովքեր իրենց մասնագիտական կարողությունների շնորհիվ զբաղեցրել են ամենատարբեր պատասխանատու պաշտոններ, իրենց մասնագիտական գիտելիքները ծառայեցրել մեր հայրենիքի շենացման գործին:  

Հյուսիսային համալսարանն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ միջազգային գիտաժողովներ՝  ընտանեկան ջերմությամբ ընդունելով տարբեր երկրների կրթության բնագավառի ներկայացուցիչների, ովքեր շարունակել են բարեկամական սերտ կապեր պահպանել բուհի հետ՝ արժանանալով Հյուսիսային համալսարանի կողմից սահմանված՝  «Լավագույն բարեկամ» կոչմանը:

Հյուսիսային համալսարանի հիմնադիր Բորիս Մակիչյանի՝ կրթության ոլորտին առնչվող վերլուծական հոդվածները շարունակաբար տպագրվել են տարբեր պարբերականներում, իսկ հոդվածների ժողովածուներն այսօր էլ կարող են լինել ուղեցույց՝ Հայաստանը տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դարձնելու, կրթական գլոբալ բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: 

Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին և արձագանքելով ժամանակակից աշխարհի պահանջներին, Հյուսիսային համալսարանն այսօր ակտիվորեն քայլեր է ձեռնարկում միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու գործում: 

Ի սկզբանե ընդգրկված լինելով  «Տեմպուս» միջազգային կրթական կազմակերպության «VERITAS» և «GOVERN», նաև՝  Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն», «Էրազմուս-Մունդուս» և այլ դրամաշնորհային ծրագրերում՝

համալսարանն այսօր ակտիվորեն համագործակցում է  «Էրազմուս + » ծրագրի հետ՝ տասնյակ ուսանողների և դասախոսների համար ստեղծելով եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու հնարավորություն:

Բուհում իրականացվում է  նաև օտարերկրյա քաղաքացիների կրթություն 

Բակալավրի և մագիստրոսի  կրթական ծրագրերով:

Հյուսիսայինցիների  հայրենանվեր աշխատանքը բազմիցս արժանացել է կրթության ոլորտի ղեկավարների բարձր  գնահատականին: